Մեծ Բրիտանիան «ծուլացել է եւ ճարպակալել», քանի որ երկրի ընկերությունների թոփ-մենեջերներն առավել հետաքրքրված են ուրբաթօրյա գոլֆի խաղերով, քան ապրանքի արտահանմամբ, կարծում է Միացյալ Թագավորության միջազգային առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը: Այս մասին նա հայտարարել է  «Առաջ պահպանողական ճանապարհով» խմբի միջոցառման ժամանակ, հայտնում է The Times-ը:

Նախարարի խոսքով՝ արդյունքում Լոնդոնը կորցրել է միջազգային առեւտրի ոլորտում ազատ խաղացողի կարգավիճակը: Այդ պատճառով ձեռնարկատերերը պետք է դադարեն արտահանումը որպես հնարավորություն դիտարկել եւ այն իրենց պարտականությունը դարձնել, նշել է նա:

Նա նաեւ քննադատել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության գործունեությունը: Նրա համոզմամբ՝ բիզնեսը երբեք չի բարգավաճի, եթե Բորիս Ջոնսոնի ղեկավարած գերատեսչությունը կենտրոնանա միայն դիվանագիտության եւ անվտանգության հարցերի վրա: Նա կարծում է, որ արտգործնախարարությունը պետք ուշադրություն դարձնի նաեւ առեւտրային կապերի զարգացման եւ խորացման վրա:

Ֆոքսի ելույթը մեծ արձագանք է ստացել բրիտանացի ձեռնարկատերերի շրջանում: The Coca-Cola Company ընկերությանը պատկանող Innocent Drinks ընկերության համահիմնադիր Ռիչարդ Ռիդը հայտարարել է, որ նախարարն ինքը իր կյանքի ընթացքում ոչ մի օր բիզնեսով չի զբաղվե, իսկ գործատուների դաշնությունում նախարարի մեկնաբանությունները համարել են ծայրահեղ անխոհեմ եւ անօգուտ:

Լիամ Ֆոքսը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներից է: Հունիսին տեղի ունեցած հանրաքվեից առաջ նա բացահայտ կոչ էր արել քվեարկել Brexit-ի օգտին: