Փարիզի կենտրոնում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալված երեք կանանցից մեկին մեղադրանք է առաջադրվել: Ըստ Ռոսիյսկայա գազետայի՝ այս մասին հաղորդել է Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազությունը:

29-ամյա Օռնելա Գ.-ն մեղադրվում է «հանցավոր ահաբեկչության հանրությանն» անդամակցության եւ «հանցավոր խմբի կողմից կազմակերպված մահափորձի» համար:

Օռնելայի մատնահետքերը մնացել են գազի բալոններով լի այն մեքենայի մեջ, որն անցյալ հանգստյան օրերին հայտնաբերել էին Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակայքում: Ոստիկանության տվյալներով՝ նախկինում կինը ցանկացել է Սիրիա մեկնել:

Հիշեցնենք, որ հետաքննության շրջանակում երեք մահմեդական կին է ձերբակալվել: Նրանցից մեկի մոտ նամակ են գտել, որում նա հավատարմություն է հայտնել ԻԼԻՊ-ին: Ձերբակալության ժամանակ կինը դանակով հարվածել է ոստիկանին: