Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում բնակվող 32-ամյա Վարդուհի Մարտիրոսյանը միայնակ է մեծացնում 4 զավակներին ամսական ընդամենը 49 հազար դրամ նպաստով:

«Միակ եկամուտը նպաստն է, ստանում ենք, պարտքերն ենք տալիս խանութների. ամսվա ընթացքում պարտքով են ապրում, երեխեքին ուտելիք հասցնում: Նույնն էլ դպրոց գնալիս՝ պետք եղած բաները պարտքով վերցրել ենք, որ քիչ-քիչ փակենք: Մի կերպ յոլա ենք գնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհի Մարտիրոսյանը:

4 երեխաներին՝ 1 աղջիկ եւ 3 տղա, 32-ամյա կինը միայնակ է խնամում արդեն 3 տարի՝ ամուսնու մահվանից հետո:

«Բրոնխների հիվանդություն ուներ, դրանից է մահացել: Մինչեւ այդ գոնե կարողանում էինք ապրել նորմալ: Ամուսինք տրակտոր էր վարում, պահում էր ընտանիքը»,- պատմեց ընտանիքի մայրը:

Կինը պատմեց, որ նախկինում վարձով են բնակվել, ամուսինը հողատարածք էր գնել, պատրաստվում էր տուն կառուցել, սակայն հիվանդության պատճառով սկսածը կիսատ է մնացել:

Կինը երեխաների հետ այժմ բնակվում է ամուսնու հայրական տանը, որը զուրկ է տարրական պայմաններից:

«Տանիքը կիսաքանդ, հատակը՝ բետոնե, խոնավ: Անձրեւն էլ մինչեւ անգամ տուն լցվում, պատերը խոնավացած են, սեւացած»,- պատմեց երեխաների մայրը:

Մարտիրոսյաններին օգնելու համար «Հույս հային» բարեգործական նախաձեռնությունը ծրագրել է նրանց ընտանի կենդանիներ նվիրել, նաեւ սնունդ, հագուստ, ավտոմատ լվացքի մեքենա, ինչպես նաեւ հնարավորության դեպքում զբաղվել տան վերանորոգմամբ: 

Նախաձեռնության կոնտակային տվյալներն են՝  +374 77 81 87 44: