Ինչու պիտի Գյումրիի ընտրություններում ՀՅԴ-ն դաշինք կազմեր Հանրապետական կուսակցության հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՏԻՄ ընտրություններում կոալիցիոն գործընկերոջ հետ դաշինք չկազմեցին:

«Մենք համագործակցում ենք ինչ-որ նպատակներով, չի նշանակում, որ ամուսնացել նույնացել ենք, դարձել նույնը: Մենք երբեք նույնը չենք դառնում որեւէ մեկի հետ: Քաղաքական այս իրավիճակում նպատակահարմար գտանք կազմել կոալիցիա, որպեսզի դրա դիմաց ստանանք որոշակի արդյունքներ ու ես համոզված եմ, որ մենք մեր հիմնական բաները ստացել ենք՝ փոխվել է Սահմանադրությունը, ընտրական համակարգն է այս պրոցեսով գնալու»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ իրենց առաջադրած թեկնածուն Գյումրիում մրցունակ է: Նշենք, որ ՀՅԴ-ն առաջադրել է Գյումրիի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի թեկնածությունը:

«Մեր թեկնածուն ուղնուծուծով գյումրեցի է, հարգված մարդ, լավ ծանոթ է Գյումրիի խնդիրներին եւ շատ համառ է իր նպատակներն իրականացնելու առումով, ուր էր, որ գյումրեցիներն իսկապես ընտրությունը կատարեին մեր առաջադրած թեկնածուի օգտին, ինչի պիտի մենք որեւէ մեկի հետ գնայինք նույնանայինք»,-նշել է դաշնակցական պատգամավորը: