Գյումրիում Սամվել Բալասանյանին առաջադրելով մենք ցույց տվեցինք, որ անկախ կուսակցական պատկանելությունից, եթե մարդը արժանիքներ ունի, ինքն էլ կարող է ընտրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով այն կարծիքներին, որ ՀՀԿ-ն ՀՀ երկրորդ քաղաքում չուներ մեկ թեկնածու եւ ստիպված եղավ առաջադրել նախկինում  ՕԵԿ, ԲՀԿ կուսակցություններին անդամագրված Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

«Մենք որեւէ կուսակցական գաղափարներով այդ բնագավառում չենք առաջնորդվում, որովհետեւ ճիշտը դա է: Ժողովուրդը թող ընտրի նրան, ում նախընտրում է, կուսակցական պատկանելությունը այստեղ որեւէ էական ազդեցություն չի կարող ունենալ: Մենք ամեն տեղ էլ թեկնածու ունենք՝ լավն էլ, վատն էլ միջինն էլ: Բոլոր բնագավառներում ունենք թեկնածուներ, նախընտրել ենք այս թեկնածուին եւ ժողովուրդը թող իր քվեով որոշի, որ թեկնածուն ու դաշինքն են ավելի նախընտրելի»,-ասել է Գագիկ Մելիքյանը:

Նշենք, որ ՀՀԿ-ն  Գյումրիում Սամվել Բալասանյանին առաջադրել է Խոսրով Հարությունյանին պատկանող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ դաշինք կազմելով: