Հայաստանը գնահատում է Լեռնային Ղարաբաղի հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երեւանում ընթացող «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով կոնֆերանսի ժամանակ իր ելույթում նշել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, Հայաստանի համար ընդունելի չեն Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստական կերպով Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը կամ ՆԱՏՕ-ին այս հակամարտության կարգավորման հարցի մեջ ներքաշելը. դրա համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը:
«Անվտանգության ոլորտում տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը միջազգային հարաբերություններում ոչ թէ բարի կամքի դրսեւորում է, այլ անհրաժեշտություն, որը բխում է բոլորի շահերից։
Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների հետագա զարգացումը եւ լիահույս է առավել արդյունավետ հետագա համագործակցության»,-ընդգծել է նա:





























