Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ի ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայող Ռոման Հարությունյանը ձեռնափայտի օգնությամբ կարողանում է քայլել։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարազատներից տիկին Զոյան:

«Ձեռնափայտի օգնությամբ կարողանում է քայլել արդեն, համեմատաբար լավ է զգում իրեն։ Կամաց-կամաց վիճակը լավանում է, առողջանում է, այս պահին տանն է»,-ասաց նա:

Տիկին Զոյան նշեց, որ նույն ավտովթարից տուժած Ռոմանի ավագ եղբայրը՝ Արկադին, արդեն ամբողջությամբ առողջացել է եւ վերադարձել է հին աշխատանքին՝ պայմանագրային զինծառայող է Արցախում:

Հիշեցնենք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ի ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երեք զինծառայողներ` Արկադի, Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են, Արկադին եւ Ռոմանը տարբեր մարմնական վանսվածքներով տեղափոխվել էին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը մահացել էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: