Զիմբաբվեի մայրաքաղաքում տեղի է ունեցել Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի արձանի բացման արարողություն, որին ներկա է եղել ինքը` Մուգաբեն, գրում է բրիտանական The Daily Telegraph թերթը:
Գրեթե չորս մ բարձրությամբ քանդակն իրենից ներկայացնում է նախագահի մուլտիպլիկացիոն պատճենը: Մուգաբեն պատկերված է հաստ շրջանակով ակնոցով եւ գլխից վեր բարձրացված, սեղմված բռունցքով:
Արձանը ստեղծել է տեղացի քանդակագործ Դոմինիկ Բենհուրան, որը հուշարձանի վրա չարչարվել է գրեթե վեց ամիս:
«Ես ուզում էի հնարավորինս մեծ արձան ստեղծել: Այն պատկերում է մեր երկրի ղեկավարին, այդ պատճառով իմ նպատակն էր այնպես անել, որ դա առանձնահատուկ տպավորություն գործի», - քանդակագործի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Արձանը ստեղծվել է պետության ղեկավարի վարչակազմի պատվերով: The Daily Telegraph-ը նշում է, որր ներկայումս երկիրը վերջին տարիների ամենածանր տնտեսական ճգնաժամներից մեկն է ապրում:
Նշվում է, որ Զիմբաբվեի շատ բնակիչներ ծաղրել են 92-ամյա Մուգաբեի արձանը, որը երկիրը կառավարում է վերջին 36 տարվա ընթացքում:
Մասնավորապես, սոցցանցերի որոշ օգտատերեր արձանը բնութագրել են որպես ««Սիմփսոնների» ոճով սուպերմենի պատկերող», իսկ մյուսները հուշարձանը կոչել են երկրի նախագահի «քաղաքական ինքնասպանությունը»:





























