Սեպտեմբերի 11-ին, 52 տարեկանում կյանքից հեռացել է դաշնակահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Զարուհի Խանջյանը:

Զարուհի Խանջյանը ծնվել է 1964 թվականին, Երեւանում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթեւիկ Սազանդարյանի եւ ջութակահար, մշակույթի գործիչ Հակոբ Խանջյանի թոռնուհի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Դավիթ Խանջյանի դուստր Զարուհին դարձավ Խանջյանների ընտանեկան ավանդույթների արժանավոր ժառանգորդը: Փայլուն առաջադիմությամբ ավարտելով Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, նա ուսումը շարունակել է Սվետլանա Նավասարդյանի դասարանում՝ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ապա՝ ուղեգրվել Մոսկվայի կոնսերվատորիայի ասպրիանտուրա՝ ուսանելու պրոֆեսոր Վերա Գորնոստաեւային:

1990-ական թվականների սկզբից մինչ օրս Զ. Խանջյանը դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ համատեղելով մանկավարժական եւ համերգային գործունեությունը: Նույն տարիներին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է դաշնամուրային եռյակ, որի կազմում Զարուհի Խանջյանը հանդես է եկել ջութակահարներ Սուրեն Բագրատունու եւ Մովսես Պողոսյանի հետ: Վերջին տարիներին Զարուհի Խանջյանը ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականն էր:

Զարուհի Խանջյանը շնորհաշատ երաժիշտ էր, փորձառու մանկավարժ, նվիրված գործընկեր, հոգատար անձնավորություն: Նա արժանիորեն վայելում էր իրեն շրջապատող մարդկանց սերն ու հարգանքը:

ՀՀ մշակույթի նախարարությունը խորապես սգում է նվիրյալ ու անձնուրաց գործընկերոջ կորուստը եւ ցավակցում հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին:

Զարուհի Խանջյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13 –ին,Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18.00-20.00-ն: Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 11.30-13.00-ն, Կոնդի ՍուրբՀովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ Երեւանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):