Սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խնդրանքովԱրցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի ընթացիկ արդյունքները։
ՀՀ ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այդ աշխատանքի շրջանակներում երկու Պաշտպաններն այցելել են Մատաղիս գյուղ, Մատաղիսի ջրամբար եւ իրականացրել համատեղ ուսումնասիրություններ: Արձանագրվել են ապրիլի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի թիրախային հարձակումները Մատաղիս գյուղի եւ ջրամբարի ուղղությամբ:
Ջրամբարի վրա թիրախային հարձակումներն ուղղակի նպատակ են հետապնդել մեծ վնասներ հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը եւ նրանց զրկել կենսական կարիքները բավարերելու հնարավորությունից: Այսպիսի գործելաոճը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավունքի, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները:
Արցախի եւ Հայաստանի Պաշտպաններն այցելել են նաեւ Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ հանդիպել Ադրբեջանի կողմից ապրիլյան հարձակման հետեւանքով իրենց տները լքած եւ այնտեղ հաստատված թալիշցիների հետ: Հանդիպման ընթացքում լրացուցիչ տեղեկություններ են ձեռքբերվել Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների նկատմամբ արդրբեջանական զինված հարձակումների, ինչպես նաեւ կատարված դաժանությունների վերաբերյալ:
Արցախի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական ԶՈւ թույլ տված հիմնարար խախտումների վրա: Այդ տեղեկությունները՝ համապատասխան հիմնավորումներով, կներկայացվեն մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին:





























