Թալիշում ապրիլի 4-ին ծանր վիրավորված եւ առ այսօր հոսպիտալում գտնվող Ռոլանդ Սահակյանը 10-րդ անգամ վիրահատության է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռոլանդի հայրը` Քաջիկ Սահակյանը:

«Դեռեւս կարերը չեն քանդել, թոքերի վիրահատության է ենթարկվել, պառկելախոց էլ ունի... Ընդհանուր շատ թույլ է, ողնաշարի խնդիր էլ ունի, քայլել չի կարողանում, հիբգ ամիս է` պառկած է ու չգիտենք, թե հետո ինչ կարող է լինել»,- ասաց Քաջիկ Սահակյանը:

Սահակյանների ընտանիքը լրատվամիջոցներից տեղեկացել է, որ քննարկվում է Ռոլանդին` արտասահման տեղափոխելու հարցը, սակայն առ այսօր Պաշտպանության նախարարությունից ոչ ոք իրենց չի հանդիպել ու չեն էլ փորձել որեւէ կերպ աջակցություն ցույց տալ. «Մի անգամ Սեյրան Օհանյանն է եկել ու խփեց տղայիս դոշին ու ասաց` մենք ամեն ինչ կանենք, բայց մենք ոչ մի օգնություն չենք տեսել»:

Ռոլանդ Սահակյանն Արմավիրի մարզից է, ծնողները գյուղատնտեսությամբ են զբաղվում, վարկեր ունեն, որոնք վճարել չեն կարողանում:

«Վարկերը միշտ պարտաճանաչ վճարել ենք, բայց Ռոլանդի վիրավորվելուց հետո չենք կարողանում, որովհետեւ ամեն օր ստիպված ենք գալ Երեւան ու հետ գալ: Գյուղի գործերը մնացել են, չենք հասցնում»,- ասաց Քաջիկ Սահակյանը` նշելով, որ իշխանություններից առ այսօր ոչ մի տեսակի օգնություն չեն ստացել:

Նշենք, որ ըստ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ականապայթյունային համակցված թորակոաբդոմինալ վիրավորում ստացած եւ ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռոլանդ Սահակյանի վերականգնողական բուժումն արտերկրում կազմակերպելու ուղղությամբ կատարվել են համապատասխան հարցումներ, ստացվել է համապատասխան դիրքորոշում: Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարություն` արտերկրում վերականգնողական բուժման հարցը սահմանված կարգով քննարկելու համար: Ռոլանդ Սահակյանի հարազատները եւս տեղեկացված են արտերկրում վերականգնողական բուժումը կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքերի մասին: