Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը հոռետեսորեն է տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «տարածքներ կարգավիճակի դիմաց» սխեման, որը նախօրեին ներկայացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, նա կարծիք է հայտնել, որ «կարգավիճակ» ասելով, ակնհայտորեն նկատի է առնվում ԼՂՀ ճանաչումը, որի դիմաց Ստեփանակերտի վերահսկողության տակ գտնվողն տարածքները պետք է փոխանցվեն Ադրբեջանին: «Իհարկե, «կարգավիճակ» եզրի տակ կարելի է հասկանալ նաեւ այլ կարգավիճակ, բայց դա պետք է ճշտել հայտարարության հեղինակից»,-հավելել է քաղաքագետը:
Դիտարկմանը, որ ներկայացված սխեման հակասում է ԼՂ դիրքորոշմանը, Խրամչիխինը նկատել է, որ ինքը հնարավոր չի համարում անհամատեղելի մոտեցումների համատեղումը: Ճշտող հարցին, որ այդ դեպքում՝ պետք չէ՞ որեւէ առաջընթացի սպասել խնդրի կարգավորման հարցում առաջիկա տասնամյակում, Ալեքսանդր Խրամչիխինը պատասխանել է. «Կարծում եմ՝ ոչ»:





























