Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մշակութային ինքնության պահպանման, ազգային  եւ ավանդական արժեքների վերարտադրության ու հանրահռչակման,  ինչպես նաեւ  միջազգային համագործակցության խթանման քաղաքականության շրջանակներում սկսում է նոր ՝ «Արցախ ԷթնոՖեստ» միջազգային  նախագիծը:

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Արցախէթնոֆեստ»-ը միջազգային փառատոն է, որը նախատեսվում է իրականացնել տարին մեկ անգամ, Արցախում` տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր փառատոն կունենա իր խորագիրը եւ կներկայացնի ազգային մշակույթի մեկ ուղղություն:

«Արցախէթնոֆեստ» առաջին միջազգային փառատոնը կանցկացվի 2016թ. սեպտեմբերի 15-17-ը: Փառատոնը կունենա «Երկրի համը» անվանումը եւ կներկայացնի տարբեր երկրների ազգային խոհանոցները: Փառատոնին կմասնակցեն ինչպես հմուտ խոհարարներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից եւ իհարկե, Հայաստանից ու Արցախից: Փառատոնային ծրագրի  շրջանակներում նրանք կպատրաստեն եւ  հյուրերին կմատուցեն իրենց ազգային ուտեստներն ու ճաշատեսակները:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրում: Կներկայացվեն ֆրանսիական կրեպը, ռումինական մամալիգան, բրնձով պատրաստված կորեական ուտեստներ, սիրիական աղցաններ եւ արեւելյան քաղցրավենիք, վրացական սացիվին, ինչպես նաեւ Արցախյան խոհանոցի այցեքարտ ժենգյալով հացը, կուրկուտը, ավանդական խորովածը: Փառատոնի օտարերկրացի մասնակիցների համար կկազմակերպվի ժենգյալով հացի թխման  վարպետության դաս եւ մրցույթ:  Միջոցառումը կուղեկցվի հետաքրքիր համերգային ծրագրերով: