Ֆեյսբուքի հայ օգտատերերը արդեն հասցրել են նկատել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ակտիվացած վիրուսային ԾԱ-ն, որը օգտատերերի անունից հրապարակում է վիդեոներ, նշում է (tag) ընկերներին եւ ուղարկում է հաղորդագրություններ:
Վիրուսը քողարկվում է ամենասովորական հաղորդագրությամբ, որին կցված է վիդեո: Հնարավոր է նաեւ այն հանդիպել նորությունների ժապավենում՝ tag արված ընկերների անուններով նկարների կամ վիդեոների տեսքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նման վիրուսների նպատակները մի քանիսն են: Մի կողմից, վիրուսային հղումները տարածողները ապահովում են գովազդի տարածում եւ գումար են աշխատում։ Բացի դրանից, կարողանում են օգտվողներից ստանալ անձնական տեղեկատվություն, ինչը այսօր նույնպես լավ վաճառվող ապրանք է։ Երրորդ, ամենաքիչ քննարկվողը այն է, որ նման գործողությունների միջոցով ստացվում է շրջանցել Ֆեյսբուքի պաշտպանությունը եւ մուտք ստանալ մարդու հաշվին առանց գաղտնաբառը եւ լրացուցիչ ուղարկվող կոդը իմանալու։
Հաշվի առնենք, որ մենք չգիտենք, թե այդ հաքերները ով են։ Դա կարող են լինել զուտ հաքերային կրիմինալ խմբեր, իսկ կարող են լինել որեւէ պետության գաղտնի ծառայությունները։

Համակարգիչը չվարակելու համար նախ եւ առաջ պետք չէ սեղմել ամեն մի հղման վրա, քանի որ սեղմելով այն` դուք ակտիվացնում եք վիրուսային ԾԱ ներբեռնումը: Ամենից շատ խոցելի են Яндекс եւ Google Chrome դիտարկիչները, քանի որ դրանք աշխատում են նույն սկզբունքով:
Այնուամենայնիվ, եթե սխալմամբ սեղմել եք հղման վրա, հնարավոր է, որ վիրուսային ԾԱ-ն սկսի ներբեռնվել ավտոմատ կերպով կամ էլ ձեզ տարբեր հավելվածներ ներբեռնելու առաջարկ գա։

«Չի կարելի թույլ տալ, որ տեղադրվի հավելված։ Այսօրվա ֆեյսբուքի վիրուսների մեծ մասը հենց այդ սկզբունքով է աշխատում. նախ առաջարկվում է տեղադրել ձեր Google Chrome-ի վրա հավելված՝ (extension), որը Հայաստանում ամենատարածված դիտարկիչն է։ Սրա ամենավատ կողմն այն է, որ համակարգիչը այս ԾԱ-ն չի ճանաչում որպես վիրուս: Հավելվածի տեղադրումն էլ մարդ պետք է ինքն անի` համաձայնելով նմանատիպ պատուհանի առաջարկին»,- ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետի խոսքով` այս վիրուսը տարածվում է հենց օգտատերերի անուշադրության եւ հետաքրքրասիրության պատճառով:
Եթե, այնուամենայնիվ, հասցրել եք վարակվել, ապա ամենայն հավանականությամբ խնդիրը տեղակայված է դիտարկիչում:
Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս կատարել մի քանի պարզ քայլեր, որոնք կօգնեն ազատվել չարաբաստիկ ԾԱ-ից:
Chrome-ից հեռացրեք հավելվածները (extentions)` մտնելով դիտարկիչի Settings «More tools» Extensions բաժին:
Հնարավոր է, որ հավելվածը արգելափակի մուտքը դեպի կարգավորումների էջը. այդ դեպքում պետք է համակարգչից ամբողջությամբ հեռացնել Google Chrome-ը եւ նորից ներբեռնել:
Դիտարկիչի հետ խնդիրները լուծելուց հետո խորհուրդ է տրվում մուտք գործել ֆեյսբուքյան ձեր էջի հավելվածների կարգավորումների բաժին եւ այնտեղից հեռացնել բոլոր կասկածելի ծրագրերը: Այդ քայլերից հետո անպայման փոխեք ձեր էջի գաղտնաբառը:

Ամենայն հավանականությամբ այս ամենից հետո ձեր խնդիրները կլուծվեն: Վերջում անպայման համակարգիչը սկանավորեք հակավիրուսային ծրագրով, իսկ ձեր անվան նշումով (tag) բոլոր հրապարակումները հերթով հեռացրեք: Բացի դրանից այս վիրուսը նաեւ ձեր անունից մի քանի էջեր է ստեղծում, որոնք նույնպես պետք է հեռացնել՝ մուտք գործելով ձեր էջի կարգավորումների “Your pages” բաժին:

Բացի այդ, որպեսզի խուսափեք հետագայում առանց ձեր համաձայնության tag արվելուց, կարելի է անձնական էջն այնպես կարգավորել, որպեսզի նկարում կամ վիդեոյում նշվելուց առաջ ձեզ ծանուցում գա. այդ կերպ առանց ձեր համաձայնության այլեւս չեն կարողանա նշել ձեր անունը:

Անդրադառնալով նաեւ վերջերս Ոստիկանության անունից իբր պոռնո կայքեր այցելությունների համար տուգանքի մասին հաղորդագրություն ստանալուն՝ Սամվել Մարտիրոսյանը հավելում է.
«Այս վիրուսը շատ աներես է եւ տարածվում է տարբեր ձեւերով։ Օրինակ, վարակված Zip ֆայլով նամակ բացել: Մյուս տարբերակը, երբ դուք վարակված էլ չեք, այլ հայտնվում եք կոտրած կայքի վրա, որտեղ սա տեղադրված է։ Սա ավելի հազվադեպ է։ Իսկ կա ամենավատ տարբերակը, երբ հարձակման է ենթարկված լինում ձեր տան ռաուտերը, սարքը, որով միանում եք ինտերնետին։ Այդ դեպքում պետք է կամ ինքնուրույն ծրագրային ապահովումը թարմացնել ռաուտերում, կամ մասնագետ կանչել։ Ցավոք սրտի, Հայաստանում կան հազարավոր ռաուտերներ, որոնք հին, խոցելի ծրագրային ապահովում ունեն, եւ հենց դրանք հաքերների թիրախ են դառնում։ Կամ, խնդիրն այն է, որ ռաուտերի վրա գործարանային գաղտնաբառ է։ Սա արդեն բարդ լուծելի հարց է այն մարդկանց համար, որոնք լավ չեն հասկանում այս ոլորտից։ Այդ պատտճառով մի շարք պրովայդերներ իրենք են վերահսկում եւ թարմացնում ռաուտերները, սակայն ոչ բոլորն են այդ ծառայությունը մատուցում»:




























