Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի համար աշխատելը դժվար կլինի, բայց հնարավորություններ կան: Լրագրողներին սեպտեմբերի 14-ին նման տեսակետ է հայտնել ԱԺ պատգամավոր, վերջերս ստեղծված «Ռեֆորմիստական» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Նրա խոսքով մինչեւ 2017-ի ապրիլին խորհրդարանական ընտրությունները նոր Կառավարությունը ընդամենը կես տարի ժամանակ ունի: «Շատ դժվար է այդ ժամանակահատվածում հաջողության հասնելը, բայց կարելի է հույս ունենալ, որ նրանց կհաջողվի որեւէ բան անել»- հավելել է Բաբայանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ իր հերթին ասել է, որ Կարապետյանին կարելի է բնութագրել որպես փորձառու կառավարիչ: «Նա ունի խոշոր հաստատությունների ու կազմակերպությունների ղեկավարման փորձ: Նա ունակ է լուծել բարդ խնդիրներ ու կայացնել պատասխանատու որոշումներ»,- վստահ է Ավետիսյանը:





























