Կառավարության փոփոխությամբ Հայաստանի տնտեսական քաղաքականության ոլորտում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, որ երկրում առկա խնդիրները լուծելու համար  համակարգային փոփոխություն են հարկավոր, իսկ կառավարության փոփոխությունը հասարակության ուշադրությունը ընտրություններից շեղելու միջոց էր:

«Փոփոխություններ դեմքերի առումով կլինեն, փոփոխություններ աշխատանքի մոտեցումների առումով միգուցե լինեն, սակայն, մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարը իրականություն չի դառնա: Հայաստանի պետության առջեւ կանգնած խնդիրը ոչ թե տնտեսական դաշտում է, այլ քաղաքական, այս փոփոխությունն էլ արեցին ընտրություններից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Քաղաքական լուծումներ են պահանջվում խնդիրների լուծման համար»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ  Հայաստանի տնտեսական զարգացմանը խանգարում են երկրում առկա ժողովրդավարական սահմանափակումները, կոռուպցիան, մենաշնորհը. «Գործող համակարգը կարող է գոյատեւել միայն այն դեպքում, երբ կա կոռուպցիա եւ չկա քաղաքական եւ տնտեսական ոլորտում մրցակցություն: Գործող համակարգը շատ արդյունավետ է գործող իշխանության համար:  Գործող համակարգի մեջ կառավարման համակարգը բավականին արդյունավետ է աշխատում` կարողանում է բավարարել իշխանության պահանջները, իսկ քաղաքացիների համար ամենաանարդյունավետն է»: