Մեղրիում նախորդ տարի հրդեհված շենքի վերակառուցված բնակարանները կհանձնվեն բնակիչներին 15 օրից: Այս մասին հայտնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վահե Հակոբյանը՝ ավելացնելով, որ համաձայն կոմբինատի ու բնակիչների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ բնակարանների ներքին հարդարման աշխատանքները կատարելու են իրենք բնակիչները: «Ինչպես գիտեք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է բավականին լայնածավալ սոցիալական ծրագրեր: Առաջիններից մեկն իմանալով բռնկված հրդեհի մասին՝ անմիջապես մեկնեցինք դեպքի վայր: Տեսնելով աղետի հետևանքով մարդկանց մոտ առաջացած անելանելի դրությունը՝ կոմբինատի ղեկավարությունը որոշում կայացրեց օգնության ձեռք մեկնել բնակիչներին»,-ասել է նա:

Ըստ Հակոբյանի՝ հիմնովին վերակառուցվել է բնակելի շենքի մի մասը, որն առավել շատ է տուժել հրդեհից, սակայն կոմբինատը ցանկություն ունի կապիտալ վերանորոգման աշխատանքը շարունակել նաեւ շենքի հրդեհից չտուժած մասում, քանի որ այն եւս վատթար վիճակում է: «Անկախ ֆինանսական դժվարություններից՝ խոստանում ենք, որ ամեն ինչ անելու ենք շենքի մյուս հատվածի հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցներ գտնելու և շենքի ամբողջական վերանորոգումը իրողություն դարձնելու համար»,-նշել է Հակոբյանը՝ ավելացնելով, որ շինարարական նախագծի արժեքը կազմում է 200 մլն. դրամ, սակայն իրական ծախսերը հնարավոր կլինի հաշվել միայն աշխատանքներն ավարտելուց և ծախսերն ամփոփելուց հետո:

«Սյունիքի մարզում, որտեղ գրեթե բոլորը որևէ կերպ կապված են Քաջարանի կոմբինատի և այլ լեռնագործական կազմակերպությունների հետ, լավ գիտեն, թե որքան բարդ շրջան է հիմա լեռնահանքային գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար: Այս ընթացքում մենք իսկապես ստիպված ենք եղել բազմաթիվ ծրագրեր կրճատել, սակայն երբեք չենք կասեցրել  շենքի շինարարական աշխատանքները, քանզի առջևում ձմեռ է»,-բնակիչների հետ զրույցում նշեց Կոմբինատի գլխավոր տօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը:

Նշենք, որ շենքում բնակվում է 18 ընտանիք: Հրդեհից ներքևի մուտքն ամբողջովին այրվել է, մնացել էին միայն քարե հիմնապատերը, իսկ վերևի մուտքը վնասվել էր մասամբ: կոմբինատի ֆինանսավորմամբ շենքի հիմնովին այրված հատվածն ամբողջովին  վերակառուցվել է: Շենքի ծածկն ու միջնապատերը, տանիքն ու պատշգամբները, որոնք փայտյա են եղել ու ամբողջությամբ այրվել են, վերականգնվե են, սակայն երկաթբետոնյա ժամանակակից  կոնստրուկցիաներով: Կատարվել է հիմքի ամրացում, ծածկերն արվել են երկաթբետոնյա կոնստրուկցիաներով, իսկ տանիքն ամբողջությամբ փոխվել է: