Մի շարք ավիաուղղություններով Երեւանը գնի առումով տանուլ է տալիս Թբիլիսիին, սակայն այլ ուղղություններով՝ հաղթում է: Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում կառավարության ժամին այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին:
Մինասյանի խոսքով՝ 2015-ին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 1 մլն 879 հազար 977 ուղեւոր, մինչդեռ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից՝ 1 մլն 847 հազար 111: Մեր գերատեսչության համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ Երեւանից Դուբայ չվերթի տոմսը 9 տոկոսով էժան է, քան Թբիլիսիից (Fly Dubai-ի չվերթինը): Մոսկվա տոմսը («Սիբիր» եւ «Աերոֆլոտ» ավիաընկերությունների) համապատասխանաբար էժան է 46 եւ 34 տոկոսով: Այլ ուղղություններով (ներառյալ՝ Աթենք, Վիեննա եւ Կիեւ) Թբիլիսին մեզ գերազանցում է:



























