ՀԷՑ-ը նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում մեկ տարում կրճատել է 900 աշխատակցի՝ 8 հազարից հասցնելով նրանց թիվը 7100-ի։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ աստիճանաբար ներդրելով ավտոմատացված ASKO համակարգը, կկրճատվեն նաեւ աշխատավարձի ծախսերը, քանի որ այլեւս էլեկտրիկների կարիք չի լինի։ Նրանց կփոխարինեն բաժանորդների սպասարկման կենտրոնների օպերատորները։
«Ընդ որում, կրճատման ենթակա աշխատակիցները, սեփականատիրոջ եւ ընկերության սոցիալական քաղաքականությունից ելնելով՝ կամ տեղափոխվում են այլ աշխատանքի նույն ընկերությունում, կամ էլ իրենց մինչեւ հոկտեմբերի 1–ը տրվում է իրավունք վերապատրաստվել եւ անցնել այլ աշխատանքի»,– ասաց նա՝ հավելելով, որ կրճատումները շարունակվելու են։



























