Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի՝ կալանավայրում ինքնասպանություն գործելու գործով անձամբ զբաղվում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Նոդար Ակոպովի հարազատները դիմել են Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ կասկածելով, որ Թբիլիսիի Գլդանիի բանտի իր խցում Ակոպովը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրա նկատմամաբ բռնություն է գործադրվել եւ նրան դրդել են ինքնասպանության:

NEWS.am-ի հետ զրույցում նրա հարազատներից մեկը նշեց, որ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին տարօրինակ է թվացել, որ Նոդար Ակոպովը կալանավայրում երակները կտրելու միջոցով նախկինում փորձել է երկու անգամ ինքնասպան լինել: Այժմ պարզվում է՝ արդյոք նրան դրդել են ինքնասպանության, թե ոչ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովը օգոստոսի 27-ին կալանավայրում ինքնասպան է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարազատները հայտնաբերել են սպանված:

Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Նշենք, որ Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, գյուղի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական ճանապարհը:

Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը՝ ծխից մրոտված:

Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի: