ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը որպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման ժամանակահատվածի առաջընթաց նշում է վարչապետի՝ շարքայինների հետ շփվելու հատկությունը։ Մինչդեռ ըստ նրա՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նման բան հնարավոր չէր։ 

Հովիկ Աբրահամյանի հրաժարականը թեեւ վատ բան է համարում, բայց Կարեն Կարապետյանի նշանակվելուց էլ գոհ է գործարար պատգամավորը։ Նրա աշխատաոճն էլ է հավանում։

«Չեմ կարծում, որ ինչ որ բան շահեցինք Հովիկ Աբրահամյանի գնալով։ Պարոն Աբրահամյանին հաջողվեց Հանրապետությունում գինուն ջուր խառնել։ Այսինքն՝ կարողացավ սուր տեղերը հարթել, այնպիսի կերպար էր, որ կարողանում էր մարդկանց իրար կողք նստացնել»,-ասաց պատգամավորը։

Հարցին, թե կարո՞ղ է նշել մի ձեռքբերում, որ արձանագրվել է նրա օրոք, ասաց․ «Գոնե հասանելի դարձավ, կոսմոպոլիտ չէր։  Շարքային քաղաքացիների հետ շփվում էր։ Համենայնդեպս, Աբրահամյանի օրոք ես ինչ խնդրել եմ, իրականացրել է, ոչ անձնական հարցեր, օրինակ մեր Արշակ թագավորի դամբարանը սկսեցին պեղել իր օրոք, մի հարց, որը տասնյակ տարիներով մնացել էր սեղանին»։