«Համախմբում» կուսակցության անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի հայտարարած ազգային համաձայնության կառավարությունը ոչ թե պետք է ձեւավորեն  նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կադրերով, թիմակիցներով, այլ արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներով։ Այս մասին Ստեփան Մարգարյանն ասաց NEWS.am-ի հետ զրույցում։

«Սերժ Սարգսյանն ասում էր՝ ԱԺ ընտրություններից հետո կլինի ներկայացուցչական Ազգային ժողով եւ, որը կստեղծի կառավարություն, ինչի անունն էլ կդնեն ազգային։  Դա ենթադրո՞ւմ է՝ ազատ ու արդար ընտրություններ են լինելու, այդ կառավարությունը արտահայտելու է հասարակական տրամադրությունները, ոչ  չեմ հավատում։ Չեմ հավատում անգամ այն դեպքում, երբ որ երեկ քվեարկված ցուցակների հրապարակման վերաբերյալ  համաձայնագիր ստորագրեցին ու էյֆորիայի մեջ ընկած հայտարարեցին՝ խնդիր չկա։ Սա մատնահետքերից  հրաժարվելուն էր ուղղված։ Ի՞նչն են կանխելու այդ համաձայնագրով, երբ որ  Վանաձորում 2015-ի տվյալներով 84 հազար քաղաքացի է գրանցված վիճվարչության տվյալներով, բայց  ցուցակներով 97 հազար ընտրող է։ Այսինքն, եթե ցուցակները մարքված չեն, ինչպե՞ս են կանխելու խախտումները»։

Ըստ Ստեփան Մարգարյանի՝ Ազգային համաձայնության կառավարությունը ընտրություններից հետո կայացած կլինի, եթե ապահովվեն արդար եւ թափանցիկ ընտրություններ։

Հարցին՝ ամեն դեպքում հնարավոր է համարում, որ Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներով ձեւավորի ազգային համաձայնության կառավարությունը, ասել է․ «Ո՞վ ասեց, որ պիտի Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կադրերով պիտի ձեւավորի։ Ազատ ընտրությունների արդյունքում խորհրդարան եկած կուսակցությունների կադրերով պետք է ձեւավորվի, սա է ձեւը։ 21-րդ դարում կապել անձերի հետ, կարծում եմ՝ աբսուրդ է»։