Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի պահպանման հարցում Ռուսաստանի պատրաստակամության նկատմամբ ԱՄՆ կասկածը անտրամաբանական է ու գործին օգուտ չի տալիս: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սպիտակ տան հայատարարությունը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման հարցում Ռուսաստանի դերակատարման վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, չգիտես ինչու ամերիկացի գործընկերները թերահավատորեն են վերաբերվում «պայմանավորվածությունները կատարելու հարցում մեր երկրի պատրաստակամությանը»: «Նրանք համարում են, որ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը որոշակի «փորձություն է Ռուսաստանի հեղինակության համար», համենայն դեպս այդպես է ներկայացվում լրատվամիջոցներում»,- նշել է դիվանագետը,- Տարօրինակ հարցադրում է»
Նա շեշտել է, որ Ռուսաստանը նմանատիպ հայտարարություններն անտրամաբանական ու հակաարդյունավետ է համարում: «Տխրեցնում ու մտահոգում է, որ չնայած Ժնեւում ձեռք բերված դրական ու կառուցողական պայմանավորվածություններին՝ մենք լսում ենք բոլորովին այլ ոճի հայտարարություններ: Մենք հոյակապ հասկանում ենք այդ հայտարարությունների բնույթը, բայց դրանք գործին օգուտ չեն տա: Պետք է կառուցողական աշխատանք տարվի»:





























