Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը փոփոխությունների հասնելու համար պետք է կարողանա ձեւավորել միասնական նպատակներ ունեցող կառավարություն: Այս մասին այսօր` սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ եւ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Շատ խելոք ու լավ մարդ է, սակայն, եթե չկարողանա միասնական նպատակներ ունեցող կառավարություն ձեւավորել, ապա չի կարողանա կատարել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին: Կապրենք` կտեսնենք, եթե տեսնենք, որ այդ փոփոխությունների ճանապարհին ենք կանգնել, հասարակությունը եւս կօգնի կառավարությանը հասնել այդ փոփոխություններին: Այժմ նախարարները միասնական նպատակներ չունեն, տարբեր տեղերից եկած եւ միասնական մտածողություն չունեցող թիմ է հավաքված»,-ասաց նա:

Նրա խոսքով` կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի Հայաստան ներդրումների խնդիրը, որոնք  պետք է լինեն ներքին եւ արտաքին:

«Հայաստանում կան մարդիկ, որոնք շատ մեծ գումարներ են վաստակում, սակայն, ներդրումներ չեն կատարում Հայաստանում` դրսում տուն են առնում, գործարան են առնում եւ այլ: Եթե ներդրումների հարցը չլուծվի, ապա երկիրրն առաջ գնալ չի կարողանա: Տնտեսությունը պետք է ունենա ազատ մրցակցային դաշտ, մաքսային եւ հարկային ոլորտներում պետք է աշխատեն ազնիվ մարդիկ, այժմ այս ոլորտները հարստանալու տեղ են դարձել: Մյուս հարցը դատարաններն են, եթե իմ իրավունքները չեմ կարող դատարանների միջոցով պատշպանել, ապա առաջ գնալ չեմ կարողանա: Հաջորդ հարցն այն է, թե պետությունն ինչ ծրագրեր պետք է դնի իր առջեւ, ունի բյուջե եւ պետք  է տնտեսությունը խարխուսելու համար ներդնի այն»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նաեւ նշեց, որ շատ կարեւոր է, որ Հայաստանը ինքնուրույն լինի, կախվածություն  չունենա ԵՏՄ-ից կամ ԵՄ-ից:

«Շուկայի զարգացման հարցն է, պետք է զարգացնել առեւտրային շուկան: Հայաստանը փորձել է միշտ դուր գալ Ռուսաստանին եւ ԵՄ-ին, տնտեսության բավականին լուրջ ոլորտներ տվեցինք Ռուսաստանին, բա ինչ եք կարծում, Հայաստանը չպե՞տք է կատարի իր կամքը: ԵՏՄ մտնելով մենք մեր անշնորհքության պատճառով ավելին ենք տալիս, քան պահանջվում էր տալ»,-ասաց նա: