ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ եւ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը Հայաստանի պաշտպանության նախարար կարող է լինել միայն այն դեպքում, եթե պատերազմական իրավիճակ լինի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա` անդրադառնալով հարցին` արդյոք, եթե առաջարկվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը`կընդունի այն:
«Մի անգամ այդպիսի խոսակցություն ունեցել եմ Քոչարյանի հետ, ես ասել եմ` ես կարող եմ պաշտպանության նախարար լինել միայն պատերազմի ժամանակ, բայց, եթե պատերազմ չլինի` չեմ լինի»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական բանակում եղել է ժամանակակից տեխնիկայի պակաս, որն այժմ փորձում են լրացնել. «Պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից տեխնիկայի հագեցումով բավականին հետ էինք, բավականին փոփոխություններ տեղի ունեցան պատերազմից հետո»:





























