Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում կոնկրետ խնդիրներ չեն դրել իրենց առջեւ եւ չեն հասել դրան: Այս մասին այսօր` սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ եւ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:
«25 տարիները ցույց տվեցին, որ մեր անկախությունը կայուն է: Մենք այս տարիների ընթացքում շատ ձեռքբերումներ ունենք, մենք գնում ենք առաջ, բայց եթե համեմատվենք աշխարհի այլ երկրների հետ, ավելի փոքր արագությամբ ենք առաջ գնում: Ինձ համար վճռական տարին 94 թիվն էր, որովհետեւ մենք ունեինք անկախ պետություն, զգացվում էր, որ այն պահպանվող անկախություն է, հաղթել ենք պատերազմը»,-ասա նա:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ այս տարիների ընթացքում իշխանությունն ու հասարակությունը լուրջ խնդիրներ, նպատակներ իրենց առջեւ չեն դրել եւ ոչինչ չեն արել փոփոխությունների հասնելու համար. «Մենք լուջ խնդիրներ չդրեցինք մեր առջեւ, ասացինք` ուզում ենք ապրել սովորական անկախ պետությունում: Սկսած գյուղատնտեսության ոլորտից, գյուղատնտեսությունը պետք է ինդուստրիալ դարձնել, սակայն, տեղի չունեցավ դա, այս ոլորտում մենք մեր խնդիրները չենք լուծել: Կրթության համակարգում նույնպես` ունենք տաղանդավոր երեխաներ, ուսուցիչներ, լավ դպրոցներ, բայց կրթական ընդհանուր համակարգը չի բավականացնում մեր պահանջներին: Խնդիրն այն է, որ մենք խնդիրներ չունենք դրված մեր առջեւ եւ ես քննադատում եմ մեր նախագահներին, վարչապետներին ու հասարակությանը»,-ասաց նա` նշելով, որ եւ հասարակությունը, եւ իշխանությունը պետք է կարողանան իրենց առջեւ խնդիրներ դնել եւ հասնել դրան:





























