Ղարաբաղի հարցով Մադրիդյան սկզբունքները ժամանակ էին տալիս, սակայն Բաքուն դա չօգտագործեց։ Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ Կառավարության նիստից հետո, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը ԼՂՀ կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելու մասին։

Քոչարյանի խոսքով՝ Ուորլիքը ոչ մի նոր բան չի ասել. նա կրկնել է այն, ինչ գրված է Մադրիդյան սկզբունքներում։ Դրանք ենթադրում են փոխադարձ զիջումներ, որոնք ներառում են նաեւ կարգավիճակի եւ տարածքների մասին հարցը։ Սակայն ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո եկել է ժամանակը լրջորեն մտածել բանակցությունների բազայի  մասին։ «Ժամանակին Մադրիդյան սկզբունքների շրջանակներում Հայաստանի կողմից զիջում էր Ղարաբաղում հանրաքվեի հետաձգումը։ Այդ հետաձգումը միջնորդները հիմնավորեցին նրանով, թե իբր Բաքվի իշխանություններին ժամանակ է անհրաժեշտ ժողովրդին նախապատրաստելու այն մտքին, որ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում լինել։ Նրանք այդ ժամանակն օգտագործեցին հակառակ նպատակով։ Իսկ նշանակում է, որ պետք է լրջորեն վերանայել բոլոր նախորդ համաձայնագրերը»,– նշել է Շավարշ Քոչարյանը։