«Նաիրիտ» գործարանի պոտենցիալ ներդրողը դեռ ցույց չի տվել իր ներդրումային ծրագրերը: Այս մասին սեպտեմբերի 15-ին ասել է էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարի պաշտոնակատար Լեւոն Յոլյանը, կառավարության նիստից հետո դուրս գալով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների մոտ, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում:
«Ներդրողը պետք է ցույց տա, թե որտեղ եւ ինչպես է իրացնելու իր արտադրանքը, որպեսզի վերադարձնի ներդրումները ու վճարի աշխատավարձերը: Դուք գիտեք, որ Սլովակիայից նոր ներդրողը՝ Աշոտ Գրիգորյանը, ասել էր՝ տվեք գործարանն ինձ մեկ դոլարով ու ես դրա մեջ 20 մլն դոլար կներդնեմ»,- ասաց Յոլյանը:
«Ճիշտ է, իսկ հետո՝ մինչեւ 200»- պատասխանեցին աշխատակիցները:
«Ենթադրենք: Բայց մենք պետք է հասկանանք, թե որտեղ է իրացվելու գործարանի արտադրանքը: Բացել հիմա գործարանը, որպեսզի այն աշխատի՝ խնդիր չէ: Խնդիրն այն է, թե ինչպես է վաճառվելու արտադրանքը: Իսկ պարզապես ասել «ես կանեմ»... Դուք ուզում եք, որ կրկնվի այն, ինչ արդեն եղե՞լ է: Իսկ հետո կասեք՝ մեզ նորից խաբեցին»,- հարցրել է նախարարի պաշտոնակատարը:
«Իսկ ծրագիր նա չի՞ ներկայացրել»,- ի պատասխան հարցրեցին աշխատակիցները:
«Իհարկե ոչ: Քանի անգամ եմ ես նրան ասել՝ արի,քննարկենք, տեսնենք»,- պատասխանել է Լեւոն Յոլյանը:
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանում ներդրումներ անելու ցանկության մասին օգոստոսի վերջին հայտնել էր Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը:
Գրիգորյանը, որը ղեկավարում է EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը, հայտնել է, որ սեպտեմբերի 12-13-ը ընկերության ներկայացուցիչներն ուզում են այցելել Երեւան ու գործարան, որպեսզի գնահատեն դրա վիճակը: Նրա ծրագրերով գործարանը կարելի է վերագործարկել մինչեւ հաջորդ գարուն: Այդ դեպքում առաջին 1.5 տարում գործարանը կթողարկի կաուչուկ ացետիլենային տեխնոլոգիայով (տարեկան 8-10 հազար տոննա, ինչպես 2000 ականների կեսերին), իսկ դրանից հետո կգործարկվի նաեւ բուտադիենային տեխնոլոգիան, որի ժամանակ արտադրության ծավալները հնարավոր կլինի հասցնել մինչեւ 20-25 հազար տոննայի:
Հիշեցնենք, որ 2006-ին պետությունը «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին: Որից հետո ընկերությունը գրեթե ոչ մի անգամ ելույթ չի ունեցել հասարակության կամ մամուլի առաջ: 2006-ին ԱՊՀ «Մեժգոսբանկը» Rhinoville–ի համար 70 մլն դոլարի վարկային գիծ է բացել, որը ընկերությունը չի փակել: 2014-ի հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է բանկի հայցը պարտքի դիմաց բաժնետոմսերի 90 տոկոսը առգրավելու պահանջով: Մնացած 10 տոկոսը ՀՀ Կառավարությանն էին պատկանում: 2015-ի վերջին, բանկի հետ բանակցությունների արդյունքում, Կառավարությունը ստացել է նաեւ մնացյալ 90 տոկոսը: Գործարանը,որը արտադրում էր համաշխարհային շուկաներում պահանջարկ ունեցող կաուչուկ, 2010-ի ապրիլից չի գործում: Կառավարությունը հնարավոր ներդրողների է որոնում:



























