Հայաստանի կառավարությունը հնարավորության սահմաններում Սիրիայի մեր հայրենակիցների համար անում է ամեն ինչ: Սեպտեմբերի 15-ին կառավարության նիստից հետո այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքը հուսադրում է, որ բռնության եւ ռազմական գործողությունների ալիքը կթուլանա, բացառված չէ կողմերի համապատասխան համաձայնությանը հասնելուց հետո նույնիսկ կրակի դադարեցումը:

«Այս հարցում մենք ամենաշահագրգռված կողմերից մեկն ենք՝ հաշվի առնելով Սիրիայում հայկական խոշոր համայնքը: Գաղտնիք չէ, որ այս բոլոր տարիների ընթացքում Հալեպում արտասահմանյան հյուպատոսություններից գործել է միայն հայկականը»,- նշել է Քոչարյանը: