Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիները կրկին բողոքի ակցիա կանեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Աշոտ Գալստյանը՝ նշելով, որ գյուղացիները դժգոհ են մնացել մարզպետի հետ հանդիպումից, որը աղավնաձորցիներին ասել է, որ մթերված խաղողի դիմաց տրվելիք գումարի հարցը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:
«Դժգոհ մնացին, 15 օր անց հանդիպեցին, բայց էլի գումարի հարցը չլուծվեց, չի բացառվում, որ նորից բողոքի ակցիաներ անեն»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ չի բացառվում, որ գյուղացիները կրկին փակեն դպրոցի մուտքը եւ երեխաներին թույլ չտան գնալ դպրոց:
Հիշեցնենք, որ մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չէն ուղարկել դպրոց:




























