Հանրապետությունում ընթացող ՏԻՄ ընտրություններից ամենաուշագրավն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում է: Այստեղ առաջադրվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը կալանքի տակ է գտնվում:

Բացի «Միայնակ գայլից»՝ առաջադրվել են նաեւ գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանն ու Նորայր Հակոբյանը: Ծաղկահովիտում թեժ ընտրություններ են սպասվում:

Արագածոտնի մարզում թեժ ընտրություններ են սպասվում նաեւ Ապարան եւ Աշտարակ քաղաքներում: Ապարանում ի սկզբանե առաջադրվել էր 4 թեկնածու՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, ՀՀԿ-ական Տիգրան Եղիազարյանը, անկուսակցական, Ապարանի պանրի գործարանի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանն ու «Ապարան Գրուպ»-ի տնօրեն Էդգար Փարվանյանը: Այսօր իրար դեմ կմրցեն միայն Փարվանյանն ու Աբրահամյանը:

Ի դեպ, Ապարանի քաղաքապետի ընտրություններում տարօրինակ վիճակ է ստեղծվել, քանի որ երկու թեկնածուներն էլ ստացել են ՀՀԿ-ի աջակցությունը: Մասնավորապես, ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը որոշել է աջակցել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանին, իսկ Արագածոտնի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունը որոշել է սատարել անկուսակցական Էդգար Փարվանյանին:

Աշտարակում առաջադրված 8 թեկնածուներից 4-ն են մնացել միայն՝ ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը, «Խարամ» ԱԿ ֆինանսական գծով տնօրեն Արշալույս Մեջլումյանը, որին սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Ռազմիկ Տերտերյանը եւ «Ավգոռ» ՍՊԸ գործադիր տնօրեն Թովմաս Շահվերդյանը:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են ընթանում Հանրապետության ավելի քան 300 համայնքներում: