1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երեւանում տրոլեյբուսը լիճն էր ընկել։ Հաշվված վայրկյաններում 92 ուղեւոր հայտնվեցին 10 մ խորությամբ լճի մեջ։ Մոտակայքում գտնվող՝ ստորջրյա լողի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն 23-ամյա Շավարշ Կարապետյանը եղբոր՝ Կամոյի հետ օգնության նետվեց խեղդվողներին՝ ջրից հանելով 46 մարդու։ Սակայն նրանցից միայն 20–ի կյանքը հաջողվեց փրկել։

Կարապետյանի հերոսության մասին հայտնի դարձավ միայն 6 տարի անց՝ ի շնորհիվ ռուս լրագրող Բորիս Լեսկովի։ Լողորդն իրեն հերոս չի համարում։ Համեստորեն ասում է, որ կան մարդիկ, որոնք հարյուրավոր եւ հազարավոր անգամներ ավելի շատ մարդկային կյանքեր են փրկում։

Այդ իրադարձություններից 40 տարի անց NEWS.am–ը ներկայացնում է Շավարշ Կարապետյանի տարբեր հարցազրույցներից ամենահետաքրքիր մեջբերումները։

Իմ կյանքում այդ ողբերգական պահը պատահականություն չէր: Հնարավորություն ներկայացավ ինձ փորձելու ոչ միայն մարզական ասպարեզում, այլեւ կյանքում եւ հասկանալու՝ ինչի եմ պիտանի:

Երբեմն ինձ հարց եմ տալիս՝  իսկ եթե ես ջուրը չնետվեի՞: Ի՞նչ. իմ ժողովրդի համար աղբ կդառնայի: Մարդկության համար: Սատանան նրանց հետ, կարող են ուրիշներն էլ չեմպիոններ դառնալ, իսկ այդ մարդիկ չեմպիոնների կարիք չունեին: Նրանք ապրելու կարիք ունեին...

Վերապրածներից յուրաքանչյուն ինձ իր ընտանիքի անդամն էր համարում: Եվ դա ճշմարիտ է:

Ինձ 75 հազար նամակ ուղարկեցին: Ընտրեցի ամենահուզիչներն ու հետս Մոսկվա տարա: Նույնիսկ Ֆաինա Ռանեւսկայան է ինձ բացիկ ուղարկել: Ցավում եմ, որ նրա հետ չհասցրեցի ծանոթանալ:

Աշխարհում անվախ մարդ չկա: Անվախությունը երեւան է գալիս պրոֆեսիոնալիզմին զուգահեռ, փորձն է հանգեցնում անվախության: Միեւնույն է, ես վախենում էի, երբ լողացի այնտեղ եւ առաջին անգամ սուզվեցի: Երբ առաջին մարդուն բռնեցի եւ ջրից դուրս հանեցի, արդեն սկսեց ռեֆելքսն աշխատել: Հինգ անգամ արտաշնչում, շնչում, հինգ վայրկյան, ու գնացի: Ինչպես մարզումների ժամանակ:

Երբ վերջին անգամ սուզվեցի, ես ինչ-որ բան որսացի, ջրից վեր ելա ու տեսա, որ տրոլեյբուսի նստատեղ էր: Այն մի կյանքի արժեք ուներ: Դրանից հետո ես ատում էի ջուրը եւ ջուր չէի մտնում: Լողավազան վերադարձա, երբ երեխաներս հայտնվեցին:

Շավարշ Կարապետյանն իր փրկած ուղեւորների հետ 

Ամեն ինչ դաստիարակությունից է գալիս: Դրանից զատ, բացարձակապես ոչինչ չկա: Եվ շատ, անչափ շատ բան է կախված նրանից, թե կյանքը մարդուն ինչպես է դաստիարակում: Ինչ է սովորեցնում բնությունը: Մի անգամ ես կտրել էի մի վարորդի ճանապարհը: Եվ ահա, լուսակրի տակ կանգնած ենք կողք կողքի: Երիտասարդ բարետես մարդը, որ մոտ 25 տարեկան կլինի, իջեցնում է ապակին: Ես արդեն պատրաստ եմ լսել այն ամենը, ինչ նա իմ մասին մտածում է: Իսկ նա. «Թանկագինս, դուք կողմնորոշվեք, թե որ ուղղությամբ եք ընթանալու՝ աջ, թե ձախ»: Գիտեք, այնքան քաղաքավարի բացատրեց, որ ես սխալ էի: Այդ պատմությունից հետո, ճանապարհներին այլեւս ոչ մեկի հետ չեմ վիճում:

Այսպիսի մի դեպք է պատահել: Կարոտը խեղդում էր, Երեւան էի ուզում գնալ: Ընկերս թախանձում էր. «Արի՛, գառները փչանում են»: Այն իմաստով, որ մեծանում ոչխար են դառնում: Նելլին (կինը – խմբ.) թույլ չէր տալիս: Ես խորամանկության դիմեցի: Ընկերախմբով մի օր ֆռֆռացի, երկու: Կինս փրփրել է, ես նեղացածի տեսք եմ ընդունել. «Եթե շարունակես այդպես, կգնամ Երևան»: Երրորդ օրը նույնը կրկնվեց, նա էլ. «Գնում ես, գնա՛»: Հենց դրան էլ սպասում էի, ինքնաթիռի տոմսն արդեն գրպանումս էր:

Կնոջ՝ Նելլիի հետ

Մի անգամ մի հարբած գերմանացու դնչի եմ հարվածել: Կայարանում եղբորս կնոջն անհանգստացնում էր: Տանկի պես այս ու այն կողմ էր գնում: Ոչ մի բառ չէր հասկանում: Աստիճաններից ցած նետեցի: Ասացին. «Շավա՛րշ, Գերմանիայում ենք: Այստեղ այդպես ընդունված չէ»:

Ամենամտերիմ մարդը հայրս է: Մեծ մարզիկի պատրաստումը միայն մարզչի կամ բժիշկների գործը չէ: Ծնողն առաջինը պետք է ներգրավվի երեխայի մարզական կյանքին:

Մարզչիս հետ այսպիսի կարգախոս ունեինք՝ «Երկրորդ արժանի տեղ չկա»: Ինչպես սպարատացիների մոտ՝ հաղթողին դափնեպսակ, մյուսները՝ քայլով առա՛ջ: Սպորտով անհրաժեշտ է միայն հաղթելու համար զբաղվել: Ինձ այդպես են սովորեցրել:

Ի՞նչ է պարտականությունը: Մեր կյանքի ընթացքում բոլորս մշտապես պարտք ենք միմյանց. պետք է սիրենք, պետք է օգնենք, պետք է սովորեցնենք, պետք է ընկածին ոտքի կանգնեցնենք, ձեռք մեկնենք թույլին: Մեր կյանքն ապրելով՝ մեկս մյուսին պարտք ենք: Անհրաժեշտ է ուղղակի Մարդ լինել:

Հերոսներ կան, պարզապես մենք նրանց վատ ենք տեսնում: Պապիկս ինձ հաճախ էր պատմում Հայրենական մեծ պատերազմի մասին: Ես հիանում եմ Սովետական Միության եռակի հերոս օդաչու Ալեքսանդր Պոկրիշկինով: Յուրի Գագարինով, Գեորգի Ժուկովով: Դե, իսկ աշխատասենյակում թիկունքիս ետեւում պատից կախված է ոչ թե նախագահի, զորահրամանատարի կամ մարզիկի դիմանկար: Այնտեղ առ այսօր մորս լուսանկարն է կախված:

Հայրերի եւ որդիների խնդիրը մշտապես է եղել: Բայց երբ ասում են, որ այսօր երիտասարդությունն այնպիսին չէ, ինչպիսին նախկինում էր, նշանակում է ծնողները եւս այնպիսին չեն, ինչպիսին եղել են ժամանակին: Որովհետեւ լավ ծնողի հետ երիտասարդը պետք է լավը դառնա: Մենք՝ ավագներս, պետք է գտնենք մեր այն սխալները, որոնք երիտասարդներն են կատարում:

Մանկության տարիներին ես երազում էի օդաչու դառնալ, օդանավ վարել: Նույնիսկ ավիացիոն ինստիտուտ ընդունվեցի:

Կենտրոնում՝ Շավարշ Կարապետյանը, ձախից՝ եղբայրը՝ Կամոն