Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը որոշում է կայացրել գաղտնազերծել նյութերը, որոնք վերաբերում են 2010 թվականին Սմոլենսկի մոտ ինքնաթիռի աղետի ենթարկվելուն, ինչի հետեւանքով զոհվել էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ճշմարտության բացահայտման անվիճելի ապացույցները քաղաքացիական ավիացիայի ավիապատահարներն ուսումնասիրող հանձնաժողովի արխիվներում էին», — ասել է Մաչերեւիչը:

Ըստ նրա, խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնք անհրաժեշտ են դեպքերի օբյեկտիվ ընթացքը եւ աղետը հետաքննած նախորդ հանձնաժողովի որոշումները պատկերացնելու համար: 

Տու-154-ի անկումը հետաքննող հանձնաժողովի նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսաստանցի դիսպետչերները կարող էին ինքնաթիռի անձնակազմին սխալ տվյալներ տալ: 

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ հայտարարությունները կոչել է  «անպատասխանատու եւ սադրիչ»: