Արքայազն Չարլզը, որը Audi A4 Allroad Estate մեքենա էր վարում, բախվել է եղջերուին, որն անսպասելիորեն դուրս է վազել դեպի ճանապարհը, հայտնում է The guardian-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Շոտլանդիայում, Բալմորալ կալվածքի մոտակայքում: Արքայազնի մեքենան լրջորեն տուժել է բախման հետեւանքով: 

Արքունիքին մերձ աղբյուրների խոսքով, Չարլզ արքայազնն ուշադիր վարորդ է, բայց այդ տեղանքում եղջերուներն անսպասելիորեն դուրս են ցատկում դեպի ճանապարհը, դա հայտնի փաստ է: 

Եղջերուները, որոնք վտանգավոր են Մեծ Բրիտանիայի վարորդների համար, հաճախ իրենք էլ սպանվում են բախումների հետեւանքով: Ամեն տարի վթարների հետեւանքով 45-ից 75 հազար եղջերու է սպանվում: Միաժամանակ ամեն տարի նման պատահարների հետեւանքով ծանր վնասվածքներ է ստանում մոտ 450 մարդ:

Բրիտանական ճանապարհային կանոնները վարորդին թույլ են տալիս կանգ չառնել եւ ոստիկանությանը չհայտնել վթարի ենթարկված եղջերուների մասին: