Հետաքննությունների դաշնային բյուրոն օգտատերերին խորհուրդ է տվել իրենց համակարգիչների տեսախցիկները փակել՝ իրենց եւ իրենց մտերիմներին հաքերային հարձակումներից ապահովագրելու համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Independent-ը:

ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմին անձամբ է հայտնել հաքերների հսկողության սպառնալիքի մասին եւ տեսախցիկը փակելը համարել է օգտատերերի «ամենախելամիտ քայլը»: Նրա խոսքով՝ պետական բոլոր հաստատություններն արդեն օգտագործում են տեսախցիկների հատուկ «փականներ», եւ քաղաքացիները եւս պետք է նույն կերպ վարվեն:

Դրան զուգահեռ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի թողարկման նախօրեին, օգտատերերին կիբերանվտանգության շուրջ մի քանի խորհուրդներ է տվել, որոնց թվում, բացի ծածկագրի օգտագործումից, եղել է նաեւ համակարգիչների տեսախցիկները փակելու խորհուրդը:

«Դա շատ հեշտ է: Դուք, օրինակ, կարող եք սոսնձող ժապավեն օգտագործել, այն ձեր համակարգիչը չի փչացնի: Եթե անհրաժեշտ է խցիկն օգտագործել, ուղղակի պոկեք ժապավենը»,- ասել է Սնոուդենը:

Կիբերանվտանգության փորձագետների խոսքով՝ չնայած նոթբուքի տեսախցիկն, անկասկած, օգտակար է, այն ամենախոցելի դետալն է, որոնց միջոցով հաքերները կարող են օգտատիրոջ անձնական տվյալներին հասանելիություն ձեռք բերել: Երբ չարագործը տեսախցիկը հսկում է, նա կարող է հեշտությամբ նայել եւ գրանցել «տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել շանտաժի կամ ավելի վատ նպատակներով»: