Թաիլանդի ցամաքային զորքերի UH-1H ուղղաթիռը կործանվել է բանակային հատուկ նշանակության բազայում, որը գտնվում է երկրի հարավում՝ Նարատիվատ նահանգում: Անձնակազմի չորս անդամները վիրավորվել են, հայտնում է Տայլանդի Հինգերորդ ազգային (բանակային) հեռուստաալիքը:

Ավիավթարը տեղի է ունեցել առավոտյան: Ուղղաթիռը պետք է դիտարկում կատարեր երկրի հարավային նահանգներում անվտանգության ուժերի եւ իսլամական անջատողական կազմակերպությունների հակամարտության շրջանում եւ տեղափոխեր հատուկ նշանակության ուժերի բազայի ավագ սպաների:

Վայրէջք կատարելիս ուղղաթիռը հայտնվել է անկառավարելի պտույտների մեջ, ընկել է եւ պայթել, հայտնում է հեռուստաալիքը: Բազայի զինծառայողները պայթյունից անմիջապես հետո հասցրել են այրվող ուղղաթիռից դուրս բերել անձնակազմի չորս անդամներին, որոնք վիրավորվել են ուղղաթիռի ընկնելու ժամանակ, նշված է հաղորդագրության մեջ: