Վենեսուելայի կառավարությունը երկարացրել է երկրում սահմանված արտակարգ տնտեսական դրության գործողության ժամկետը, որը նախագահին հնարավարություն է տալիս երկիրը կառավարել հրամագրերով: Այսպիսով, նախագահ Նիկոլաս Մադուրոյի արտակարգ լիազորություններն արդեն չորրորդ անգամ 60 օրով երկարացվում են, փոխանցում է «Սինհուան»:

Կառավարության հաղորդագրության մեջ նշված է, որ այդ որոշումն ընդունվել է «հաշվի առնելով սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում առկա արտակարգ հանգամանքները, որոնք բացասաբար են ազդում սահմանադրական կարգի, խաղաղության, ազգային անվտանգության, հասարակական ինստիտուտների եւ քաղաքացիների վրա»:

Նշենք, որ Վենեսուելայի ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում: Այս հրամանագիրը Մադուրոյին օգնել է շրջանցել, այսպես կոչված, «օրենսդրական փակուղին»: Մադուրոն երկրում արտակարգ տնտեսական իրադրության մասին առաջին անգամ հայտարարել է հունվարի 14-ին: