ԲՀԿ հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է։ Թեպետ նա ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, սակայն ռեսուրսները, որոնք ներդրվել են մեր կուսակցության կայացման համար, շարունակում են մնալ ԲՀԿ–ինը։ Այս մասին սեպտեմբերի 16-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է լինելու ԲՀԿ ճակատագիրը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո։
«Ոչ ոք չի խլել մեր կուսակցության նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը։ Նրանք, ովքեր այլ ճանապարհ են ընտրել, նրանց գործերին հաջողություն»,– ասաց Մելքումյանը։
Ի պատասխան հարցին՝ ակնկալվո՞ւմ է Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, պատգամավորը նշեց. «Ծառուկյանն է քաղաքականությունից հեռանալու որոշում կայացրել, նոր որոշումն էլ միայն ինքը պետք է ընդունի: Ինչպես կորոշի՝ դա իր գործն է: Հարցն իրեն է պետք տալ: Ես պարտավոր եմ հստակ ասել՝ այո՛, երբ մենք շրջաններ ենք մեկնում, դրանցից շատերի բնակիչները տեղյակ չեն, որ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել է: Իր որոշումների մասին ինքը՝ Ծառուկյանը կհայտարարի»:
Անդրադառնալով այն հարցին, թե Ծառուկյանը մինչեւ վերադառնալը Սերժ Սարգսյանից թույլտվություն կհայցի՞, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ հարցը կոռեկտ չէ:
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Ծառուկյանի հեռանալուց հետո նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քողարկված «տանիքը»:





























