Մենք վստահում ենք էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին, եւ եթե նոր վարչապետը նրան չի հավատում, թող ամեն ինչում անձամբ համոզվի: Սեպտեմբերի 16-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարել է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը խորապես գիտակցում է երկրի առջեւ ծառացած խնդիրները, նա դրանք լուծելուն ընդունակ է: «Այդ ամենը պետք է կոնկրետ քայլերով կատարվի: Մենք պետք է շոուներից ձեռնպահ մնանք: Վարչապետը ոչ թե պետք է հավատա կամ՝ ոչ, այլ պետք է ստուգի: Կառավարությունը հավատալ-չհավատալու  համար չէ: Կարծում եմ՝ վարչապետը պետք է ալավելագույն չափով ծանոթանա կատարված կամ չկատարված աշխատանքներին»,- նշել է Ռուստամյանը:

 

Ըստ նրա՝ մեր երկրում մեծ թվով լրջագույն խնդիրներ են կուտակվել, որոնք պետք է հնարավորինս արագ լուծել: «Ես նաեւ չեմ բացառում, որ վարչապետը մեր առաջարկած հայեցակարգը չի ընդունի: Գործում է Էկոնոմիկայի նախարարություն, որը պետք է երկրի զարգացման հստակ հայեցակարգ ունենա: Եթե այդ հայեցակարգը չհամապատասխանի վարչապետի պատկերացումներին, ապա նա պետք է այլընտրանք առաջարկի»,- ընդգծել է Ռուստամյանը:

Ի պատասխան հարցին՝ Ձեզ հաճելի չե՞ն եղել նախօրեին կառավարության նիստում վարչապետի արտահայտությունները, Արմեն Ռուստամյանը նշել է. «Նրա փոխարեն ես զերծ կմնայի այդպիսի բառապաշարի օգտագործումից: Նաեւ ուրախ եմ, որ վարչապետն այս համակարգում իր դերը գրանցում է որպես սեփական դեմք ունեցող անկախ գործիչ: Դրանից երկիրը միայն կշահի»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին կառավարության նիստում նոր վարչապետ Կարեն Կարապետյանը քննադատել էր Էկոնոմիկայի նախարարությանը որոշ հարցերի կապակցությամբ հաշվետու լինելու բացակայության համար: Արծվիկ Մինասյանը Դաշնակցության ներկայացուցիչ է: