Բրատիսլավայում բացվել է ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովը, որտեղ ԵՄ անդամ երկրների առաջնորդները փորձում են կողմնորոշվել ճգնաժամ ապրող միացյալ Եվրոպայի ապագայի հարցում, հայտնում է BBC–ն:

Սլովակիայի մայրաքաղաք են ժամանել 27 երկրների ներկայացուցիչներ՝ ԵՄ գագաթնաժողովն առաջին անգամ է անցնում առանց Մեծ Բրիտանիայի, որի բնակիչները հանրաքվեի ժամանակ քվեարկել են միացյալ Եվրոպայից դուրս գալու օգտին:

ԵՄ պետությունների ներկայացուցիչները փորձում են որոշել, թե ինչ է պետք փոխել միության քաղաքականությունում բրիտանացիների հեռանալուց հետո: Քննարկման այլ լուրջ խնդիրներ էլ կան՝ փախստականների ճգնաժամը, տնտեսության վիճակը, հանցավորության աճը, ահաբեկչությունը ու վերջապես Եվրամիության հանդեպ վստահությունը:

Սլովակիայի մայրաքաղաքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Եվրամիությունը կրիտիկական վիճակում է ու միության խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ հանդիպման շրջանակում: