«ԲՀԿ»-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն անհատ է, որը քաղաքական գործունեության համար թույլտվության կարիք չունի: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Ազգային Ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:   

Անդրադառնալով «ԲՀԿ»-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությանն այն մասին, թե Գագիկ Ծառուկյանը ժամանակավորապես է լքել քաղաքականությունը, Բաղդասարյանն ընդգծել է.  «Չգիտեմ` արդյոք ինչ-որ բան փոխվել է Միքայել Մելքումյանի մոտ: Մեզ մոտ չի փոխվել: Գագիկ Ծառուկյանի հետ շփման ընթացքում ես չեմ նկատել, թե ինչ-որ բան փոխվել է: Ես հավատում եմ Գագիկ Ծառուկյանի խոսքերին»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ծառուկյանը պետք է ՀՀԿ-ի թույլտվությունը ստանա  վերադառնալու համար, պատգամավորը նշել է. «Խնդրում եմ սադրիչ հարցեր չտալ: Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն եւ կայացած անհատ է, որը չեմ կարծում, թե պետք է թույլտվություն հարցնի քաղաքական գործունեության համար:  Եթե ինչ-որ մեկը պետք է թույլտվությունից հետո վերադառնա, ավելի լավ է` չվերադառնա»: Վահրամ Բաղդասարյանը բոլոր ուժերին կոչ է արել չհեռանալ քաղաքական դաշտից: 

Հիշեցնենք, որ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել է անցյալ տարվա փետրվարին իր հասցեին խիստ քննադատությունից հետո, որը հնչեցրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: