ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը Deutsche Bank-ին առաջարկել է 14 մլրդ եվրո վճարել` կարգավորելու մեղադրանքները, որոնք վերաբերում են արժեթղթերի վաճառքի խախտումներին, որոնք 2008 թ-ի ֆինանսական ճգնաժամին էին հանգեցրել: Բանկը հաստատել է, որ ամերիկյան իշխանությունների հետ բանակցություններ է սկսել այդ հարցի եւ տուգանքի առաջարկված գումարի վերաբերյալ: Սակայն բանկը մտադիր չէ համաձայնել այդ գնով նախադատական կարգավորմանը, գրում է «Վեդոմոստին»:
«Բանակցությունները նոր են սկսվում: Բանկն ակնկալում է, որ արդյունքում վեճը կկարգավորվի նույն պայմաններով, ինչ մյուս բանկերի դեպքում է եղել, որոնք էականորեն ավելի փոքր գումարներ են վճարել», - ասված է DB-ի մամուլի հաղորդագրությունում:
Բանկում Financial Times-ի աղբյուրները հույս ունեն, որ խորհրդատվությունների արդյունքում կողմերը նույնպիսի արդյունքի կհասնեն, ինչ Goldman Sachs-ի դեպքում էր, որին արդարադատության նախարարությունը սկզբում առաջարկում էր 15 մլրդ տուգանք վճարել, բայց ի վերջո բանկը մոտ 5 մլրդ դոլար վճարեց:
Մեկնաբանությունների հրապարակումից հետո Deutsche Bank-ի բաժնետոմսերն էժանացել են 7,4 տոկոսով` մինչեւ 13,67 դոլար մեկ բաժնետոմսի համար, որովհետեւ ներդրողները վախենում են 18 մլրդ եվրո շուկայական կապիտալ ունեցող բանկի կողմից նման տուգանքի վճարման հետեւանքներից:




























