Հայաստանի Ընտրական օրենսգրքի համաձայնագրի ստորագրման շնորհիվ ընտրությունների ընթացքում կեղծիքների 80 տոկոսը կվերանա: Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ իշխանություններն այլեւս այս համաձայնագրից հրաժարվելու հնարավորություն չունեն: «Նախորդ համաձայնագրում կար «եթե» դրույթը, այս համաձայնագրում ոչ մի «եթե» չկա, եւ դա չի կարող փոփոխվել»,- ասել է Զուրաբյանը:
Ընդդիմադիրը միեւնույն ժամանակ խոստովանել է, որ ստորագրված համաձայնագիրը նորմալ ընտրությունների անցկացման երաշխիք չէ: «Այս համաձայնագրով մենք հասանք նրան, որ ընտրատեղամասեր կգա կենդանի ընտրողը, դա նշանակում է, որ իշխանությունները զրկվում են կես միլիոնանոց բոնուսից: Սակայն ընտրողների վրա իշխանությունների ճնշումը ոչ մի համաձայնագրով հնարավոր չէ կարգավորել»,- հավելել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ համաձայնագիրը սեպտեմբերի 13-ին ստորագրել են խորհրդարանական Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀԱԿ եւ Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչները: «Ժառանգության» ներկայացուցիչները համաձայնագիրը չեն ստորագրել:





























