Հետաքննությունների դաշնային բյուրոն փորձում է բավականաչափ ապացույցներ հավաքել, որպեսզի Արդարադատության նախարարությանը թույլ տա մեղադրանք ներկայացնել ռուսաստանյան մի քանի քաղաքացու, որոնց ամերիկյան հետախուզությունը կասկածում է կուսակցությունների եւ քաղաքական գործիչների հաշիվները ցանցահենային եղանակով ջարդելու համար, հայտնում են ԱՄՆ-ի իրավապահ եւ հետախուզական մարմինները, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»: 

Միաժամանակ նրանք նշում են, որ նման գործեր բացելը ծայրաստիճան բարդ է, որովհետեւ օտարերկրյա ցանցահենների դեմ առավել համոզիչ ապացույցները հաճախ գաղտնի են պահվում:  

Այնուամենայնիվ, Սպիտակ տանը եւ  Պետքարտուղարությունում ենթադրում են, որ դատաքննությունը լավագույն միջոցն է` հակազդելու Ռուսաստանի` նոյեմբերյան ընտրությունները տապալելու եւ վարկաբեկելու փորձերին, առանց  բացահայտ դիմակայության մեջ մտնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: