Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Քաղսիի գյուղապետ Սահակ Ալեքսանյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ կեղծ փաստաթղթեր կազմելու ձևով և պետական բյուջեից ստացել 1 մլն 332 հազար 500 դրամ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Քաղսիի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման հանձնաժողովի նախագահ Արմենակ Համբարձումյանն էլ վնասի հաշվարկման ակտերում կեղծ տվյալներ մտցնելու միջոցով պետական բյուջեից ստացել է 1 մլն 559 հազար 500 դրամ:

Սահակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Արմենակ Համբարձումյանն էլ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար Ս.Ալեքսանյանը ղեկավարել է 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետեւանքով գյուղացիներին պատճառված վնասը գնահատելու համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները՝ պետության կողմից տրամադրվող փոխհատուցման չափը որոշելու նպատակով։ Սակայն պատճառված վնասի չափը որոշելու համար համապատասխան չափագրումներ եւ դրանց հիման վրա հաշվարկներ չեն կատարվել: Նախնական քննության տվյալներով՝ պատճառված իրական վնասի չափերը ներկայացվել են ուռճացված, եւ դրանց հիման վրա կազմվել են հավելագրված տվյալներով կեղծ ակտեր: