Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի հայերի միության պատվիրակության՝ Լվով կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Անդրեյ Սոդովոյը պարգեւատրվել է Միության «Հայոց ցեղասպանության զոհերի՝ սրբոց նահատակաց» շքանշանով: Այս մասին գրում է Analitikaua-ն՝ վկայակոչելով Genocide.org.ua-ն:
Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը փոխանցել է կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքերը, նաեւ քաղաքապետին շնորհել շքանշանը:
Անդրեյ Սոդովոյը նշել է. «Հայերն ապրել, ապրում եւ ապրելու են Լվովում, եւ այստեղ միշտ ուրախ են նրանց տեսնել»:
Ուկրաինայի հայերի միության «Հայոց ցեղասպանության զոհերի՝ սրբոց նահատակաց» շքանշանը հիմնվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական միջոցառումների շրջանակում:
Այս շքանշանով ավելի վաղ պարգեւատրվել են նաեւ Ուկրաինայի մշակույթի նախարար, փոխվարչապես Վյաչեսլավ Կիրիլենկոն, ՆԳ նախարար Արսեն Ավակովը, Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Նիկոլայ Կնյաժիցկին, Վադիմ Նովինսկին, Վիտալի Բարվինենկոն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Լարիսա Սկորիկը, պրոֆեսոր Ստանիսլավ Կուլչիցկին, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը, Ուկրաինայի Կենտրոնական պետական պատմական արխիվի տնօրեն Օլգա Մուզիչուկը, «Fraza.ua» հոլդինգի ղեկավար Վիտալի Կուստովը, լեհական Կյոլցեի քաղաքապետ Վոյցեխ Լյուբավսկին:





























