Նախագահ Սերժ Սարգսյանը Բիշկեկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել նախագահների եւ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի մասնակցությամբ նեղ, ապա նաեւ պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ ընդլայնված ձեւաչափով:
Պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, ինչպես նաեւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր, որից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահները ստորագրել են ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը, Նյուրնբերգյան դատավարության աշխատանքների ավարտի 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը, ժամանակակից իրողություններին ԱՊՀ ադապտացմանը վերաբերող որոշումը: Խորհրդի նիստում որոշումներ են ընդունվել նաեւ ԱՊՀ-ում 2017 թվականը Ընտանիքի տարի եւ 2018 թվականը Մշակույթի տարի հայտարարելու մասին:
Նիստում ի թիվս ստորագրված փաստաթղթերի եղել են ԱՊՀ մասնակից պետություններում 2020թ. փուլի մարդահամարի անցկացմանը վերաբերող որոշումը, Միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը վերաբերող կոնվենցիան, 2017-2019թթ. ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնությունների դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի մասին եւ 2016-2020թթ. տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի մասին որոշումները:
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը որոշվել է անցկացնել 2017թ. Մոսկվայում: ԱՊՀ նախագահությունը 2017թ. փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը:

































