Շատ կարեւոր է ղարաբաղյան հակամարտության գոտում` շփման գծում ցածր լարվածության պահպանումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Գերմանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը` անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության սրման ռիսկ կա` առկա ամբողջ ծանր սպառազինության ներգրավմամբ:
Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը: «Ապրիլին պատերազմից հետո ներկայումս լարվածությունն իրոք նվազել է: Բայց պատրանքներ չկան, թե այդ լարվածությունը կանհետանա: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է վստահության մթնոլորտի, շփման գծում հետաքննության եւ մոնիտորինգի մեխանիզմի հաստատման միջոցների ներդրումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ: Կարծում եմ` անհրաժեշտ է ավելի շատ աշխատել այդ ուղղությամբ», - նշել է Կիսլերը:





























