Եթե նախկին եւ ներկայիս իշխանությունները չեն կարողացել տնօրինել Հայաստանի անկախությունը, իրենք են մեղավոր, ոչ թե անկախության գաղափարը: Այդ մասին սեպտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է կառավարման փորձագետ Հարություն Մովսիսյանը` պատասխանելով Կարեն Կարապետյանի ձեւավորելիք նոր կառավարությունից ակնկալիքների վերաբերյալ հարցին: 

Նրա խոսքով, կառավարությունը պետք է երկրի զարգացման ծրագիր առաջ քաշի` հենց ծրագիր, ոչ թե հայերի սիրած` սեղանի շուրջ զրույցներ: «Իսկ կենացներից կառավարության ծրագիրը տարբերվում է նրանով, որ դրանում գրված է ըստ տարիների եւ նույնիսկ ըստ եռամսյակների, թե ինչ է պետք կատարել եւ ով է պատասխանատու դրա համար: Եվ եթե նա ձախողի, ինչպես է պետք պատժել նրան», - ընդգծել է Մեսրոպյանը:  

Նա նշել է, որ Հայաստանի ընդդիմությունը ոչնչով ավելի լավը չէ, այդ թվում նաեւ` ամենաարմատականը:  Նրանցից ոչ մեկը չի պատրաստվում որեւէ բան կազմել, որը նույնիսկ հեռավոր կերպով ռազմավարություն հիշեցնի եւ բավարարվում է բոլորովին չպարտավորեցնող կարգախոսներով: «Անկախությունը երկրի կառավարման հնարավորություններ է տվել: Բայց եթե ղեկի մոտ վիճակախաղի տոմս վաճառողի  մտածողությամբ մարդիկ են, նրանք այդ հնարավորությունները մինչեւ վերջ չեն տեսնի: Եթե ինչ-որ բան չի ստացվում, իրենք են մեղավոր», - ասել է Հարություն Մեսրոպյանը եւ որպես ամփոփում հիշատակել է անպատշաճ ասույթը վատ պարողի մասին: