Վագենինգենի համալսարանի հոլանդացի գիտնականները պարզել են, որ փաթեթավորված պտուղ-բանջարեղենը առողջ սննդի սպառողներին վանում է. գնորդները 2 անգամ ավելի են հակված ընտրելու այն թարմ մթերքները, որոնք փաթեթավորված չեն:

Փորձագետները նշել են, որ փաթեթի բացակայությունը մթերքն ավելի ախորժալի է դարձնում, քանի որ ավելի թարմ է թվում, թեթեւ եւ էկոլոգիական: Այս երեւույթն առավել տարածված է այն մարդկանց շրջանում, որոնք գնումներ են կատարում օրգանական սնունդի խանութներում:

Մասնագետների խոսքով՝ փաթեթի բացակայությունը սպառողին թույլ է տալիս հպվել մթերքին, շոշափելով ստուգել դրա որակը եւ հոտը, դա հնարավորություն է ընձեռում ընտրելու մթերքի անհրաժեշտ քանակ:

Փորձի ընթացքում մասնակիցները սուպերմարկետում պետք է իրենց սայլակները լցնեին մրգով եւ բանջարեղենով: Արդյունքները ցույց են տվել, որ նրանք երկու անգամ ավելի հաճախ չփաթեթավորված մթերքներ են ընտրել, նույնիսկ օրգանական սննդամթերք ընտրելիս:

Kedem-ի փոխանցմամբ՝ այսպիսով, մթերքի փաթեթավորման ձեւը կարող է ազդել մթերքի վերաբերյալ սպառողի տպավորության վրա: